Ստեփանավանի անտառը հրդեհելու համար քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության Լոռու քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել Ստեփանավանի նորատունկ սոճուտը հրդեհելու համար:

Անցած ամսվա ընթացքում երկամյա անտառը հրդեհվել էր, ինչի հետեւանքով այրվել է 2 հեկտար տարածքով նորատունկ անտառը:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297 հոդվածի երկրորդ մասով`  <անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով: Մեղավորներին սպառնում է երեքից ութ տարի ժամկետով ազատազրկումը:

 

Լոռիում այս տարի արձանագրվեցին 28 անտառային, 143 չոր խոտածածկի հրդեհի դեպքեր:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Լոռիում գրանցվեց հրդեհի 64 դեպք: Դրա գերակշռող մասը՝ 44-ը խոտածածկ տարածքներում ու անտառներում:  Ընդհանուր առմամբ, անցած մեկ ամսվա ընթացքում այրվեց 13.000 հեկտար խոտածածկ տարածք:

 

 

Posted in Uncategorized | Leave a comment

Կացինն ու սղոցը սահմաններ չեն ճանաչում

Վրաստանի Թելավի քաղաքի մերձակա անտառը Հայաստանի Լոռու մարզի Վանաձորի անտառներից գրեթե ոչնչով չի տարբերվում: Կենցաղային աղբակույտերը զարդարում են հարեւան երկրների անտառային գոտիները: Continue reading

Posted in բնապահպանական | Tagged , , , , , , | Leave a comment

Էլի հատված անտառներ երազումս

Գուցե չհավատաք, բայց…, էս գիշեր էլի երազումս անտառ էի տեսել՝ ավելի շուտ, կտրած ծառեր, խնամքվ դարսած.. ուզում էի նկարել, էն էլ կողքս չգիտեմ ով էր՝ ասեց գործ չունես, արի հեռանանք…

Posted in Uncategorized | Leave a comment

Երազս

Երազումս անտառում էի. գնացել էի անօրինական հատման հետեւից. Ու մի կոճղ, որը մի քանի օր առաջ ծառ էր, սկսեց խոսալ, բողոքել, թե ջանս ցավումա էդ սղոցից: Կարողա՞ գժվում եմ

Posted in բնապահպանական | Leave a comment

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ՞

Ի՞նչ է սպասում Թեղուտի հուշարձաններին

Ղարաքոթուկի հողեր»-այս տարածքում հնագետները պեղել են
2 հնձան՝ լավ պահպանված 7 կարասով եւ 12 դամբարանով:

Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական
գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը պեղումների ժամանակ:


Հայաստանի պատմական եւ մշակութային տարբեր ժամանակաշրջանների մասին վկայող 18 հուշարձանախումբ հայտնվել է ապագա հանքի տարածքում՝ իր պատմական տեղն ու նշանակությունը զիջելով հանքարդյունաբերությանը:
Երկու տարի առաջ, ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի հյուսիսում գտնվող Թեղուտ եւ Շնող գյուղերի հարակից տարածքներից հանքարդյունաբերության նպատակով Armenian Copper Programm (ACP) ընկերությանը տրամադրվեցին հողատարածքներ: Դեռեւս 2001-ին ընկերությունը մրցութային կարգով ստացել է 25 տարով հանքավայրի շահագործման արտոնագիր: Համաձայն հանքշահագործողի մշակած ծրագրի՝ հատվելու է 357 հա անտառ, որպեսզի մասնավոր այս ընկերությունը պղնձով ու մոլիբդենով հարուստ հանքավայրից հնարավորություն ունենա միջազգային շուկա արտահանել տարեկան 7մլն տոննա հանքաքար՝ այս կերպ նպաստելով նաեւ Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կառավարությունը, մասնավոր ընկերությանը արտոնելով շահագործել Թեղուտի հանքը, «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման» ծրագիրը հռչակեց գերակա: Հանքշահագործման ծրագրին դեմ մարդիկ, համախմբվելով տասնյակ հ/կ-ներից կազմված Թեղուտի պաշտպանության խմբում, բազմիցս հայտարարել են, որ կառավարության հռչակած գերակա շահը ոչ այլ ինչ է, քան՝ մասնավոր ընկերության շահ, եւ ՀՀ կառավարությունը, հանուն տնտեսական օգուտների, համաձայնել է ոչնչացնել անտառն իր կենսաբազմազանությամբ եւ տեղահանել հուշարձանները: Կառավարությունից ստացված հանքշահագործման թույլտվությունը սահմանում է նաեւ տարածքի հուշարձանների ուսումնասիրում եւ դրանց հետագա ճակատագրի որոշում՝ մինչեւ հանքարդյունաբերության ակտիվ աշխատանքներ սկսելը:
ՀՀ մշակույթի նախարարի 2008 թ. հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով հաստատվել է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր»: Համաձայն դրա՝ 2008թ. օգոստոսից սկսվել են հանքի տարածքի պեղումները: Եվ, ինչպես ՀՀ կառավարությունը, ի դեմս մշակույթի նախարարության, այնպես էլ ACP ընկերությունը հայտարարում են, թե ոչ մի հուշարձան չի ոչնչանա:
Թեղուտի հարստությունը
Թեղուտը գեղեցիկ է ոչ միայն իր աստիճանաբար հատվող խիտ ու հարուստ անտառով: Կառավարության որոշմամբ՝ հանքշահագործողի պատվերով այստեղ սկսված պեղումները բացահայտում են Թեղուտի դամբարանադաշտերն ու հուշարձանները: 12 հուշարձանախումբ ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ մնացած 6-ը նորահայտ հուշարձաններ են, որոնք դեռեւս ներառված չլինելով հուշարձանների պետական ցուցակում՝ օրենսդրությամբ ենթակա են պահպանման: Մասնագետները չեն բացառում, որ պեղումների արդյունքում նոր հուշարձաններ եւս ի հայտ գան: Ապագա հանքի տարածքում մի քանի տասնյակ մետր իրարից հեռու պատմական ու մշակութային հուշարձաններ են՝ տարբեր ժամանակաշրջանի դամբարաններ, կահկարասիով հարուստ հնձաններ:
Պեղումները կատարվում են Թեղուտի 4 տարբեր հատվածներում: Արշավախմբի ղեկավար, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը պատմում է, որ այստեղ են հնագետները պեղել Բովերի խեչ փոքր մատուռը: «Տարածքի անունն է Բովերի խեչ (տեղի խոսակցականով՝ մետաղի մշակում)»,- ասում է Սուրեն Հոբոսյանը՝ նշելով, որ այս տարածքը հնագիտորեն ուսումնասիրված չէ. «Հավանաբար 16-17-րդ դդ. կառույց է, բայց պեղումները ցույց են տալիս, որ կարող է լինել ավելի վաղ շրջանի: Դա վկայում են որոշ գտածոներ»: Հոբոսյանը նշում է, որ պեղումների արդյունքում կպարզվի, թե մշակութային ինչպիսի արժեքներ են բնորոշում Թեղուտի տարածքը, ովքեր են ապրել այդտեղ, ինչ զբաղմունք են ունեցել:
Կտեղափոխվի
միայն մի եկեղեցի
ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանի ներկայացմամբ, Բովերի խեչ մատուռը տեղափոխվելու է, քանի որ գտնվում է հենց հանքի պոչամբարի տարածքում: Մնացած անշարժ հուշարձանները չեն տեղափոխվի, մնալու են հանքի տարածքում:
Եկեղեցու տեղափոխման մասին Հոբոսյանը ասում է. «Անիմաստ է ամեն մի քարը համարակալել, տեղափոխել ու նորից կառուցել: Հնարավոր է նույն նախագծով կառուցել»: Նա նկատի ունի այն հանգամանքը, որ քարերը անմշակ են, քանի որ մի քանի անգամ եկեղեցին փլվել է, քարերն էլ՝ ճաքճքել. «Էդ կարկատանները պարզ երեւում են: Դրանք համարակալել, նորից շարելը ոչինչ չի տա»:
Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության ավագ գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը եւս եկեղեցու տեղափոխումն անիմաստ է համարում. բացի անկյունաքարերից, դռան, լուսամուտի, կամարի, որմնասյան քարերից, ընդհանուր որմնապատերը սրբատաշ են: Իսկ մնացած հատվածների 60%-ը անմշակ ու կիսամշակ փոքր խճաքարեր են, որոնք գործնականում անհնար է համարակալել ու տեղափոխումից հետո նույնությամբ շարել: «Եթե նույնիսկ ապահովվի տեղափոխությունը, միեւնույն է, եկեղեցու արժեքը կկորչի, քանի որ դրա թանգարանային արժեքը նաեւ տեղանքով է պայմանավորված»,- ասում է Մարուքյանը:
Ըստ հնագետ Հոբոսյանի, չեն պահպանվի նաեւ եկեղեցուց քիչ վերեւ հայտնաբերված դամբարանները: Նա ցավով է նկատում, որ, ի վերջո, դրանք մնալու են պոչամբարի տակ:

ACP-ում խոստացել են պահպանել հանքի
տարածքի բոլոր հուշարձանները
Խոստումը ՀՀ օրենսդրության պահանջ է: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքն ամրագրում է, որ հուշարձանները ենթակա են պահպանման ու ցանկացած այլ գործողություն, որը կխաթարի հուշարձանի տեսքն ու կվտանգի դրա գոյությունը, արգելվում է: Օրենքը թույլ է տալիս հուշարձաններն օգտագործել բացառապես իրենց նշանակությանը համապատասխան: Համաձայն նույն օրենքի՝ «հուշարձանների օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարայնությունը, գիտական եւ գեղարվեստական արժեքը»: Օրենքը թույլատրում է նաեւ շինարարական աշխատանքների իրականացումը հուշարձանների տարածքներում, եթե միայն դրանք չեն վտանգի հուշարձանների գոյությունը:
Օրենքի 22 հոդվածն ասում է. «Եթե նշված աշխատանքները՝ շինարարական, գյուղատնտեսական եւ այլ կարգի, կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունը եւ անվթարայնությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումներ»:
ՀՀ կառավարությունը եւս սահմանել է որոշակի սահմանափակումներ: Դեռեւս 2002թ. ընդունված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշմամբ, հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական եւ այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաեւ տնտեսական ու արտադրական գործունեությունը: «Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման եւ ցուցադրության կազմակերպման, ինչպես նաեւ հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական եւ նորոգման աշխատանքներ»,- նշված է որոշման մեջ: Այս ամենից ելնելով՝ ՀՀ կառավարությունը հանքշահագործողին պարտավորեցրել է իր գործունեությամբ չխաթարել հուշարձաններն ու իրականացնել դրանց պահպանման միջոցառումների ծրագիրը: ACP-ն մշակել է միջոցառումների ցանկ՝ հուշարձանների ուսումնասիրման, ինչպես նաեւ հետագայում որոշների տեղահանության ուղղությամբ: Ընկերության տեղեկատվության համաձայն, 24.9 հա տարածքում կատարվելու են հուշարձանների պեղման, ուսումնասիրման աշխատանքներ: Ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը վստահեցնում է, թե առաջնորդվելու են օրենքի տառով, ու որեւէ հուշարձան չի վտանգվի:
«Բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն հուշարձանների պահպանության պետական լիազոր մարմնի հետ, այսինքն՝ մշակույթի նախարարության հետ»,- մեկնաբանում է ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը: ACP ընկերությանը հատկացված Թեղուտի հանքավայրի տարածքում, բացի Բովերի խեչից, կան 17 հուշարձանախմբեր, որոնք կմնան արդյունաբերական գոտում: Այստեղ լայն թափով ընթացող շինարարական աշխատանքներն ու հանքահանումը, ըստ Արտյոմ Գրիգորյանի ու ընկերության պատասխանատուների, չեն ոչնչացնի հուշարձանները:
«Եվ եթե մի նոր հուշարձան հայտնաբերվի, այն եւս կվերածվի պահպանման ենթակա օբյեկտի»,- ասում է Գրիգորյանը: «Եթե չլիներ բնապահպանական շարժման մասնակիցների ճնշումը, չէինք նախաձեռնի հուշարձանների ուսումնասիրություն»,- ասում է ընկերության գործադիր տնօրեն Արզումանյանը: Նա կարծում է, որ հուշարձանները չեն խանգարի իրենց աշխատանքներին, իրենք էլ՝ հուշարձանների գոյությանը:

Մասնագետը ընկերության խոստումները համարում է անհնար
«Բայց ինչպե՞ս,- հարցնում է Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության ավագ գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը,- եթե հանքարդյուբնաբերությունն ընդգրկելու է լայնամասշտաբ տարածք, իսկապես անհնար է դրանք պահպանել, քանի որ հուշարձաններով հարուստ տարածք է: Դա նման է «կլաս» խաղալուն՝ թռչկոտելով հանքշահագործել»: Գիտաշխատողը կարծում է, որ շինարարի բահն ամեն քայլափոխի կվնասի հայտնաբերված ու դեռ անհայտ հուշարձանախմբերը: Նա հիշում է 2008թ., երբ ընկերությունը ճանապարհ կառուցելիս վնասեց «Ձորիգեղ», «Ֆիրմի բաղ», «Փիջուտ», «Խառատանոց», «Բրգաձոր», «Հոսանց գոմեր» դամբարանադաշտերն ու գերեզմանոցները, «Ղափուր» հին գյուղատեղին, «Շինու խեչ» սրբավայր-ուխտատեղին: Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վարշամ Ավետյանը, որ ծնունդով շնողեցի է ու հեղինակել է մի շարք հոդվածներ Թեղուտի հուշարձանների վերաբերյալ, ընդդիմանում է այն կարծիքին, թե տարածքը հանքարդյունաբերական գոտու վերածելիս հուշարձանները կպահպանվեն:
«Եթե ուզենան էլ պահպանել՝ չեն կարող: Ինչպես կարող են պահպանել այն հուշարձանները, որոնք գտնվում են ջրանցքի կառուցման տարածքում: Հո ջրանցքը ծուռումուռ չե՞ն գցելու՝ ամեն քայլափոխի կհանդիպեն հուշարձանների, ու կամ պետք է դադարեցնեն հանքի շահագործումը, կամ էլ ոչնչացնեն հուշարձանները»,- նկատում է 85-ամյա գիտնականը: Վ. Ավետյանը գտնում է, որ տեղափոխման շնորհիվ հուշարձանները կփրկվեն միայն ֆիզիկապես. «Այս դեպքում կորցնում ենք հուշարձանի պատմական նշանակությունը, ինչը բնորոշում է այդ տարածքը»:
ՀՀ օրենսդրությունը հուշարձանների տեղափոխումը թույլ է տալիս միայն բացառիկ դեպքերում, ինչը որոշում է կառավարությունը:
«Ինչպե՞ս կարող են տեղափոխել եկեղեցին, դամբարանները,- հարցնում է պրոֆեսոր Ավետյանը,- պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի, եթե տեղափոխեն եգիպտական բուրգերը՝ ե՛ւ անհնար է, ե՛ւ ծիծաղելի է»:
Ա. Գրիգորյանի տվյալներով, մինչեւ 2011թ. նախատեսվում են ավարտին հասցնել Թեղուտի հուշարձանների ուսումնասիրման եւ դրանց ճակատագրի հստակեցման աշխատանքները: ACP ընկերությունը ծրագրում է հենց հանքշահագործման վայրում թանգարան կառուցել՝ պեղումներից ստացված նյութերը ցուցադրելու համար:
Պրոֆեսոր Վարշամ Ավետյանը տարակուսում է. «Եթե պետության խնդիրը շահույթ ստանալն էր, կարող էր, չէ՞, հուշարձանները պահպանելով՝ զարգացնել տուրիզմն ու պահպանելով եղածը՝ շահույթ ստանալ»:
Հարկ է նկատել, որ 2009թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը Լոռիի հյուսիսային շրջանը, որտեղ էլ գտնվում է Թեղուտը, հռչակել է տուրիզմի զարգացման շրջան՝ «Հյուսիսային դարպաս» անվամբ:

ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
«Ազատություն» ռ/կ-ի
Լոռու թղթակից
Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի աջակցությամբ (Scoop):

Posted in մշակույթ | Leave a comment

Խեղճ անտառներ

Բնապահանական տեսչությունն ավելի քան 3 միլիոն դրամով տուգանել է Գուգարքի անտառտնտեսությանը՝ ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու հետեւանքով 123 ծառ անօրինական հատելու համար:

Ովքեր են անօրինականորեն կացին բարձրացրել ծառերի վրա, հայտնի չէ: Անտառի 8 պահապանները, որոնք չեն արգելել հատումը, իրենց գրպանից են վճարելու տուգանքը: Միջինը 50.000 դրամ աշխատավարձով անտառը պահպանող անտառապահերը ոչ ձի, ոչ զենք, ոչ էլ արտահագուստ ունեն: 

Posted in բնապահպանական | Leave a comment

Դիլիջանի ավտոճանապարհին խորովածի փայտ են վաճառում

եւանից Դիլիջան չհասած՝ ավտոճանապարհին կարելի է 200 դրամով վառելափայտ գնել: Վառելափայտի մեկ կապոցը խնամքով կտրտած 5-6 փայտ է պարունակում: Այն

եւ էժան, եւ հարմար է Դիիջանի անտառներում խորոված անելու համար: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, թե դա օրինակա հատման արդյունք է, մինչդեռ փայտ վաճառող դիլիջանցիներից մեկը նյարդային շարժումներով փորձում էր արգելել դրա լուսանկարումը՝ չհերքելով հատված ծառերի անօրինական լինելու մասին պնդումները: Դիլիջանցին զայրացած խորհուրդ էր տալիս հարցեր տալ ավտոմեքենաներով անտառից վառելափայտ բերողներին, որոնցից էլ ինքը գնել էր փայտը:

Posted in բնապահպանական | Leave a comment

Կրկին հիասթափված եմ….

մարդկանցից, հարցազրույց տվողներից, բոլորից բոլորից, էս երկիրը անտարբերության մատնաժ էն գյուղացուց, որ իրա  տնից ու անասնագոմից էն կողմ գլուխը չի հանում, անտառը սղոցող ու փայտը ծախող, իր իսկ սերունդների ապագայի մասին չմտածող, բայց սեփական կնկան լավ պահող տղամարդուց, որ իրա թթվածնից բացի, ուրիշի թթվածնի վրա թքած ունի… Մի խոսքով, լավ չի…

Posted in Uncategorized | Leave a comment

Անտառ չի մնա…

Մեր անտառները էն վիճակում են, որ եթե եսիմ քանի հեկտարներով տնկվեն էլ, մեկ ա, քանակից բացի, որակ չենք ունենա:Ու պատճառն այն է, որ էներգետիկ ճգնաժամի տարիներին ու նաեւ վերջին տարիներին էնքան են փրթել, որ հիմնովին, անդառնալի որակազրկվել է անտառը:(((

Posted in բնապահպանական | Tagged | Leave a comment

Hello world!

Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!

Posted in Uncategorized | 1 Comment